Հայաստանի երկու պատմական քաղաքները կվերականգնվեն Եվրախորհրդի՝ պատմական կենտրոնների վերականգնում նախատեսող «Կիևյան նախաձեռնություն» ծրագրով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
«Կիևյան նախաձեռնության» մեկնարկը տրվել է 2006թ.-ին Բուխարեստում Եվրախորհրդի մշակույթի նախարարյերի նիստի ժամանակ: Նախագծի կազմակերպիչները հինգ երկրներ են՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան:
«Այս տարի ճգնաժամի պատճառով շատ ծրագրեր են կրճատվել, այդ թվում ԵԽ-ի, բայց այս ծրագիրը, որն ամենախոշորն է մեզ համար, պահպանվել է: Դա սակավ ծրագրերից մեկն է, որը չնայած աշխարհի ֆինանսական ճգնաժամին՝ իրականացնում է Եվրախորհուրդը: Ծրագիրը եվրոպական ժառանգության քաղաքականության զարգացման ուղղվածություն ունի, որի համաձայն՝ ծրագրի ամեն մասնակից երկիր սկզբից պետք է իր երկրի 10 պատմական քաղաք ներկայացնի: Դրանից հետո վերջնական ընտրությունը կկատարվի հօգուտ երկու քաղաքների, որոնք էլ կվերականգնվեն»,- ասաց Սամուելյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն իր կողմից ծրագրի շրջանակներում Եվրախորհրդին երեք տարբերակ ներկայացրեց՝ Գյումրին,Գորիսը և Աշտարակը:
Միաժամանակ փոխնախարարն ավելացրեց, որ համապատասխան փորձագետներն ու Եվրախորհրդի մասնագետները խորհրդակցության համար ամռանը Հայաստան կժամանեն՝ Հայաստանի կողմից առաջարկված քաղաքների դիտարկման համար:
«Կիևյան նախաձեռնությունը» համախմբում է այն նախաձեռնությունները, որոնք անցկացվում են տարածաշրջանում Եվրախորհրդի կողմից, ինչպես նաև արդեն ավարտված նախագծերի տվյալները՝ ներառյալ օրենսդրային բարեփոխումները, Հարավային Կովկասում պատմության դասավանդման բարեփոխումները, տեսական կառավարման մարմինների կողմից պատմական վայրերի պահպանության բարելավումը, քաղաքների հետ համագործակցությունը: -0-