Քրիստոսի Համբարձման տոնը Հայաստանում 2010 թվականին կնշվի մայիսի 13-ին, ասաց Արարատյան Հայրապետական թեմի քահանա Տեր Գրիգոր Հովհաննիսյանը։
Քրիստոսի Համբարձումը Աստվածային տոն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի:
«Սուրբ Զատկից հետո քառասուներորդ օրը Քրիստոսը հավաքեց աշակերտներին (առաքյալներին) Ձիթենյաց լեռան վրա, փոխանցեց նրանց իր վերջին խրատներն ու պատգամները և, օրհնելով նրանց, համբարձվեց երկինք»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նա ասաց նաև, որ Քրիստոսն իր հարությամբ ճանապարհ հարթեց մարդ արարածի համար դեպի Երկնքի Արքայությունը, և, համբարձվելով երկինք և, «նստելով Աստծու աջ կողմում», հռչակեց, «որ այնտեղ, ուր ես եմ, այնտեղ պետք է գտնվեն Ինձ հավատացողները»։
«Մարդուն երկինք տարավ Քրիստոսը։ Նա դարձավ անդրանիկը Երկնքի արժանացածների թվում։ Նա ցույց տվեց մեզ ճանապարհը դեպի Երկինք»,- ընդգծեց Գրիգոր քահանան։
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական տոնակատարություններով, որ կրում է Ջանգյուլում («գյուլ»՝ վարդ, ծաղիկ) անունը։
Ինչպես նշեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Ըստ նրա, այս ամբողջ գործողությունն ընթանում է մեծ ոգեշնչվածության մթնոլորտում, ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
«Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ, բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար»,- պարզաբանեց Ագուլեցին։
Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև Գործք Առաքելոցում. «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):
Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:-0-