Երևանում մայիսի 13-ին Զբոսաշրջության մրցունակության համաժողով կանցկացվի

11.05.2010, 15:41
Երևանում մայիսի 13-ին Զբոսաշրջության մրցունակության համաժողով կանցկացվի
Երևանում մայիսի 13-ին Զբոսաշրջության մրցունակության համաժողով կանցկացվի

Զբոսաշրջության մրցունակությանը նվիրված չորրորդ համաժողովը հինգշաբթի կանցկացվի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» (CAPS)  ծրագրի մամուլի ծառայությունից:

«Ելնելով զբոսաշրջության զարգացման արդի պահանջներից՝ համաժողովի թեմատիկ ուղղվածությունը Հայաստանի զբոսաշրջային իմիջի խթանումն է, զբոսաշրջություն ոլորտում հարուստ ավանդույթներ ունեցող երկրների լավագույն փորձի ներգրավումն ու համագործակցության հաստատումը, ինչպես նաև վերջին 5 տարվա արդյունքների ամփոփումն ու առաջիկա անելիքների նախանշումը»,- նշվում է տեղեկատվության մեջ:

CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը բացման խոսքում կներկայացնի, թե անցած տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը` օգտվելով CAPS ծրագրի ֆինանսական և խորհրդատվական աջակցությունից, ինչ արդյունքներ է գրանցել, որքանով է համախմբվել և  կազմակերպվել զբոսաշրջային  մասնավոր բիզնեսը` ներգրավելով միջազգային չափանիշներին համահունչ արդյունավետ, կորպորատիվ բիզնեսի ավանդույթները:

Կպարզաբանվի նաև, թե ինչ անելիքներ կան, որոնք ոլորտի պատասխանատուները պետք է պահեն ուշադրության կենտրոնում` CAPS ծրագրի ավարտից հետո ևս համաժողովների ավանդույթը շարունակելու և համատեղ ջանքերով առաջիկա մարտահրավերները կանխատեսելու ու  լավագույն լուծումներ գտնելու նպատակով, քանի որ զբոսաշրջության ոլորտում այս համաժողովը CAPS-ի շրջանակներում վերջինն է:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն իր ելույթում կանդրադառնա ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության խնդիրներին:

Տարածաշրջանային տուրիզմի զարգացման հնարավորություններին կանդրադառնա Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսը միավորող TÜRSAB ասոցիացիայի  նախագահի խորհրդական Էրթուգրուլ Կարաօղլուն: Նա կներկայացնի համագործակցության անհրաժեշտությունն ու առավելությունը` ընդհանուր տարածաշրջանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ, իսկ զբոսաշրջային բիզնեսը առավել շահութաբեր դարձնելու նպատակով:

Համաժողովը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» (CAPS)  ծրագիրը,  ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` ոլորտի ասոցիացիաների հետ համատեղ` զբոսաշրջության մայիսյան տասնօրյակի շրջանակներում: 0-