Տասնինը տարում Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1,3 մլն մարդ. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Փորձագետների գնահատականներով, 1991 թվականից Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1,3 մլն մարդ, ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան։
«Միաժամանակ միգրացիոն խնդիրները երկրում պայմանավորված են սոցիալ-տնտեսական պատճառներով, զբաղվածության խնդիրներով, ձեռնարկատիրությամբ զբաղվելու խոչընդոտներով»,- երեքշաբթի ՄԱԿ-ի մարդկային զարգացման «Միգրացիան և մարդկային զարգացումը. հնարավորություններն ու մարտահրավերները» ազգային զեկույցի շնորհանդեսի ընթացքում ասաց Գերչևան։
Ինչպես կարծում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, միգրացիոն հոսքեր են արձանագրվել առավելապես քաղաքներից, ինչը բացասաբար է անդրադարձել երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վրա։
Միաժամանակ նա նշեց, որ միգրացիոն լուրջ հոսքերի դրական կողմը դեպի երկիր փոխանցումների աճն է։
«Միգրացիան և երկրի ներքին զարգացումը սերտորեն կապված են միմյանց, այդ պատճառով անհրաժեշտ է դրանց համալիր գնահատական տալ, այդ թվում՝ տնտեսական զարգացման վրա հնարավոր դրական ազդեցության տեսանկյունից փոխանցումների ծավալի աճի համատեքստում»,- ասաց Գերչևան։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարևորեց տվյալ հարցում իշխանության բոլոր մարմինների միավորված գործողությունները, ինչի կապակցությամբ կողմ հանդես եկավ Հայաստանի կառավարության՝ միգրացիոն քաղաքականության զարգացման և իրականացման նախաձեռնությանը, որը պետությունը սկսեց 2009 թվականի վերջին։
«Միգրացիոն քաղաքականության ծրագիրն առայժմ քննարկումների փուլում է, բայց հույս ունեմ, որ մենք կարող ենք հնարավորին չափ աջակցություն ցուցաբերել դրա մշակմանը»,- ասաց Գերչևան։
ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցը ներկայացվում է արդեն 20 տարի շարունակ։ Հայաստանի մասին ազգային զեկույցները մշակվում և ներկայացվում են վերջին 9 տարում։ Զեկույցն ամեն տարի անդրադառնում է երկրի համար առավել արդիական թեմաներից մեկին։ Այս տարի զեկույցը նվիրված է միգրացիայի հարցերին, որը համընկնում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ընդհանուր զեկույցի թեմաներին։ -0-

