Հաղթանակի զբոսայգում կարուսելի պոկվելու փաստով հետաքննությունն է անցկացնում Երևանի ոստիկանությունը

11.05.2010, 12:21
Հաղթանակի զբոսայգում կարուսելի պոկվելու փաստով հետաքննությունն է անցկացնում Երևանի ոստիկանությունը

Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կարուսելի պոկվելու փաստով հետաքննությունն է անցկացնում Երևանի ոստիկանությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը:

Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյա հոբելյանը նշելու օրը Հաղթանակի զբոսայգում «Թայֆուն» կարուսելի պոկվելու արդյունքում երեք անչափահասներ և մի երիտասարդ կին հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

«Այժմ հետաքննությունն է անցկացվում: Պատրաստված նյութերի հիման վրա փորձաքննություններ են նշանակված, որոնց արդյունքում կորոշվի՝ քրեական գործ հարուցել, թե ոչ»,- ասաց Շիրինյանը:

Նրա խոսքով, այս հարցը որոշակիություն կստանա 10 օրում նշանակված փորձաքննությունների արդյունքում:

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մայիսի 9-ի միջադեպի տուժածներից երկուսը՝ 35-ամյա Մարինե Վադանյանն ու նրա 15-ամյա եղբայրը՝ Մենուան, ամենայն հավանականությամբ հիվանդանոցից դուրս կգրվեն չորեքշաբթի:

«Տուժածների վիճակը գնահատվում է կայուն, և եթե այդպես շարունակվի, վաղը դուրս կգրենք»,- ասաց Գրիգորյանը:

Մյուս երկուսը՝ 14-ամյա Սիրարփի Մավոյանն ու 15-ամյա Սուսաննա Գալստյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս են գրվել նախօրեին:

Սա անկախ Հայաստանում կարուսելի շահագործման հետ կապված երկրորդ միջադեպն է: Նախորդ տարի նման դեպք գրանցվեց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում:-0-