Հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավել և արժանի հակահարված տալ հակառակորդին, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն և որոշ, այսպես կոչված «քաղաքագետներ», կրկին հանդես են եկել հայտարարություններով, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան վայրահաչություն և քարոզչական հիստերիա: Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հերթական «ոգևորության» առիթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հայտարարությունն էր այն մասին, որ հայկական զինված ուժերը պետք է հասնեն աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ Ադրբեջանի ՊՆ «ագիտպրոպի» աշխատակիցներին և նրանց հրահանգիչներին այս արտահայտությունը տարօրինակ է թվացել թերևս այն պատճառով, որ սեփական բանակի մարտունակության մասին ադրբեջանցիները կարողանում են դատել միմիայն ռազմական բյուջեի մեծությամբ, ձեռք բերված հնամաշ սպառազինությամբ և սեփական բանակում տիրող ամենաթողությամբ:
«Ադրբեջանական բանակում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային սպանություններից, ինքնասպանություններից, ինքնախեղումներից ու բռնաբարություններից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով, Ադրբեջանի քարոզչության «բանակային կոմիսարները» սփոփվում են հայկական ԶՈՒ ստորաբաժանումներից մեկում տեղի ունեցած դեպքը օրեր շարունակ շահարկելով»,- ասվում է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունը բացատրում է սա «պարտվածի բարդույթի» հասկացողությամբ, «որից չի կարողանում ձերբազատվել Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը»:
«Արագորեն միմյանց հաջորդող Ադրբեջանի նախագահները այն ժամանակ ևս ամպագոռգոռ հայտարարություններ էին անում և իրենց ժողովրդին խոստանում գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի մի շարք շրջաններ: Անցյալից դասեր քաղելու փոխարեն՝ Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքների, վիրավորանքների և զրպարտության լեզվով»,- նշվում է Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-