Եվրահանձնաժողովը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման գործում

07.05.2010, 16:19
Եվրահանձնաժողովը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման գործում
Եվրահանձնաժողովը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման գործում

Եվրահանձնաժողովը պատրաստ է համակողմանի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման գործում, ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Եժի Բուզեկը՝ հանդես գալով նախօրեին Կարլովի Վարիում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության բյուրոյի հանդիպման ընթացքում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

«Սա այն խնդիրն է, որ դուք ինքներդ պետք է լուծեք։ Մենք մեր կողմից համակողմանի աջակցություն կցուցաբերենք։ Կարծում եմ, որ երկու երկրներն էլ պատրաստ են լուծել առկա խնդիրները, և Եվրոպայի միությունը պատրաստ է աջակցել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Բուզեկի խոսքերը հայկական կառավարության մամուլի ծառայությունից։

Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների հարցում թափանցիկություն պետք է լինի երկու կողմից։
 
Խոսելով Եվրոպական ժողովրդական կուսակցությունում Հայաստանի ասոցիատիվ անդամակցության մասին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ «դա լավ գաղափար է, որովհետև Հայաստանի քաղաքական համակարգը շատ մոտ է եվրոպական ժողովրդական համակարգին»։

 «Սա այն ծանր և ճիշտ ուղին է, որով անցել են բոլոր եվրոպական երկրները, և որն այժմ անցնում է Հայաստանը։ Կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է այդ ճանապարհին աջակցեն Հայաստանին»,- ընդգծեց նա։ -0-