Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն նվաճումն է. վետերան

07.05.2010, 16:02
Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն նվաճումն է. վետերան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակն անհնար է պատկերացնել առանց Շուշի բերդաքաղաքի ազատագրման, կարծում է ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման մասնակից Իգոր Սարգսյանը:

Անմատչելի համարվող Շուշի բերդաքաղաքն ազատագրվել է 1992թ.-ի մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և կամավորների ջոկատի կողմից, ինչը շրջադարձային եղավ ինչպես Արցախի, այնպես էլ ողջ հայության համար:

«Առանց Շուշիի ազատագրման անհնար էր պատկերացնել հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Դժվարին, բայց հայ ժողովրդի արժանի հաղթանակն էր»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Ըստ նրա, Շուշիի ազատագրումը կայացավ հայ ազատագրողների օպերատիվ և միաժամանակ խիստ կտրուկ գործողությունների շնորհիվ:

«Ամեն ինչ շատ լավ էր պատրաստված՝ ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի  (Կոմանդոսի) գլխավորությամբ, ում շնորհիվ մենք շատ արագ կարողացանք հաղթանակ տանել Շուշիում»,- ընդգծեց նա:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Ղարաբաղյան պատերազմի մասնակից կանայք» հասարակակն կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանն իր հերթին նշեց, որ Շուշիի ազատագրումը հայերին վստահություն է ներշնչել Ղարաբաղի իրենց հետագա հաղթանակներում:

«Ամենից շատ ինձ ուրախացրեց այն, որ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի բնակիչները դուրս եկան իրենց նկուղներից և սկսեցին ուրախանալ այդ մեծ հաղթանակով.,- ասաց Սերոբյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-