ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենհոտեպ 3-րդ փարավոնի՝ Լուքսորում գտնվող տաճարի պեղումների ժամանակ հայ երկրաբանների աշխատանքներն արժանացել են եգիպտացի փորձագետների բարձր գնահատականին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հետ հանդիպման ընթացքում Եգիպտոսի Հնագիտության Բարձրագույն Խորհրդի գլխավոր քարտուղար, եգիպտագետ դոկտոր Զահի Հավասը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, ինչպես նաև երկրաբանության ինստիտուտների` 2007թ-ից սկսված մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին:
Նա միաժամանակ դրվատանքի խոսքեր է հասցեագրել հանդիպմանը ներկա գտնվող հայազգի եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանին և ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկյանին` Եգիպտոսում իրականացվող հնագիտական հետազոտություններում ունեցած նշանակալից ավանդի համար:
Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը դոկտոր Զահի Հավասին ներկայացրել է հայ-եգիպտական համագործակցության ձեռքբերումները գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հնագիտության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության հետագա առաջընթացի հնարավորությունների համատեղ ուսումնասիրման շուրջ: -0-