Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է այն մասին, որ կարգավորման կողմերը բանակցություններում առաջընթացի պատրաստակամություն են հայտնել՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
ՄԽ համանախագահների հայտարարությունը կատարվել է նախօրեին Վիեննայում: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Վիեննայում ներկայացրել է Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Պոպովին:
Մոտակա օրերին համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և կքննարկեն բանակցային գործընթացի հետագա զարգացումները:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-