Թուրքական զբոսաշրջային ընկերությունները կմասնակցեն «Խոսող քարերի երկիր 2010» (Country of Talking Stones - CTS-2010) զբոսաշրջության 10-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի մայիսի 14-15-ը Երևանում, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
CTS-2010-ը նշանակալի միջազգային միջոցառում է, որի մասնագիտական ուղղվածությունը տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումն է:
«Հայաստան-Թուրքիա զբոսաշրջության ոլորտի զարգացման խթանման համար այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են մեծ թվով զբոսաշրջային ընկերություններ Թուրքիայից և Վրաստանից, մասնավորապես Թուրքիայի Վան մարզից», - նշեցին նախարարությունից:
Մամուլի ծառայությունից ավելացրեցին, որ CTS 2010-ը լավ հնարավորություն է բիզնեսի զարգացման և Հայաստան-Թուրքիա-Վրաստան նոր հարաբերությունների ստեղծման համար:
Ցուցահանդեսի շրջանակում այս տարի ևս կիրականացվի ճանաչողական տուր օտարերկրյա տուրօպերատորների և լրագրողների համար։
CTS-2010-ի ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ճամփորդական գործակալների հայկական միություն»-ը (AATA), «Ճամփորդական գործակալների ամերիկյան միություն»-ը (ASTA), ինչպես նաև ցուցահանդեսի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում” (CAPS) ծրագիրը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:-0-