Հայաստանում 2009թ.-ի ընթացքում որդեգրել են 22 տղայի և նույնքան աղջկա, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմք ընդունելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները:
Որդեգրողները հիմնականում դաստիարակության են վերցրել փոքրիկներին: Այսպես, ըստ վիճակագրական տվյալների, 2009թ.-ին որդեգրել են կես տարեկան երկու երեխայի, կես տարեկանից մինչև մեկ տարեկան՝ 11 երեխայի, մեկից վեց տարեկան 22 երեխայի, այն դեպքում, երբ վեցից 10 տարեկան 5 երեխայի են որդեգրել, 10-15 տարեկան՝ երեք երեխայի: 2009թ.-ի ընթացքում 15-18 տարեկան մեկ անչափահասի են որդեգրել:
Ուշագրավ է այն փաստը, որ ոչ բոլոր երեխաներն են ծնողազուրկ, նրանցից 12-ն ունեն թե հայր, թե մայր, և 20-ը՝ միայն մայր: Որդեգրված 44 երեխաներից միայն մեկն է երկկողմանի ծնողազուրկ, երկուսն ընկեցիկ են, ևս երկուսից հրաժարվել են ծնողները:
ՀՀ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, 2009թ.-ին 26 երեխայի որդեգրողները Հայաստանից են, ընդ որում՝ նրանցից երեքը մեկ ծնող է որդեգրել, իսկ մյուսներին՝ ընտանեկան զույգեր:
Օտարերկրացիները 18 հայ երեխայի են որդեգրել:
2009թ.-ին որդեգրման համար հաշվառման է վերցվել 143 երեխա, որոնցից 69-ը՝ աղջիկ: Պաշտոնական վիճակագրության տվյալներով, նրանցից 37-ը և հայր, և մայր ունեն, 10-ը՝ միակողմանի ծնողազուրկ են, չորսը՝ երկկողմանի ծնողազուրկ, 62 երեխաները միայն մայր ունեն, մեկն ընկեցիկ է, երեքից հրաժարվել են ծնողները:
Որդեգրման ներկայացված երեխաների ամենամեծ թիվը՝ 85 հոգի, գրանցվել է Երևանում:-0-