Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավետարանական-Լյութերական Եկեղեցու հոգևոր սպասավորներին

04.05.2010, 17:47
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավետարանական-Լյութերական Եկեղեցու հոգևոր սպասավորներին

Մայիսի 3-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրթեմբերգի շրջանի Ավետարանական-Լյութերական եկեղեցու հոգևոր սպասավորների պատվիրակությանը` գլխավորությամբ Մանֆրեդ Վագների և ուղեկցությամբ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի, հաղորդում է Մայր Աթոռ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը ներկա էր նաև Սլովակիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի ղեկավար Միլոշ Կլատիկը։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր ուրախությունն հայտնեց, որ Գերմանիայի հայոց թեմի աջակցությամբ կայացավ այս հանդիպումը, ապա անդրադարձավ Հայ Եկեղեցու բազմադարյա պատմությանն ու առաքելությանը: ՙ

«Մեր Եկեղեցին բազում փորձություններ ու դժվարություններ է հաղթահարել անցյալում և, կարելի է ասել, որ մեր ժողովրդի հետ ունեցավ իր Գողգոթան` հանուն Տիրոջ նկատմամբ իր հավատքի: Սակայն ունեցավ նաև իր hարությունը` նույն հավատքի շնորհիվ: ...Փառք Բարձրյալին, Հայ Եկեղեցին ներկայիս վերածնունդ է ապրում», -  ասաց Գարեգին Բ-ն:  

Ամենայն Հայոց կաթողիկոսը վերհիշեց իր ուսումնառության տարիները Վիեննայում և հովվական ծառայությունը Գերմանիայում:

Իր խոսքում Մանֆրեդ Վագներն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: -0-