Հայաստանը մեծապես կարևորում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը, երեքշաբթի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը, որին մասնակցում է Եվրոպայի տարբեր երկրների ավելի քան 80 ներկայացուցիչ, անցկացվում է ՀՀ խորհրդարանում մայիսի 4-6-ը:
«Մեր խորհրդարանում ֆրանսախոս պատգամավորների խումբը դեռևս մեծաթիվ չէ, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը, ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունը մեծ դեր և ներուժ ունեն ֆրանկոֆոնիայի որդեգրած համամարդկային արժեքների` լեզվամշակութային բազմազանության պահպանման, խաղաղության հաստատման, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում», - կարծում է Աբրահամյանը:
Խոսնակը նշեց, որ Հայաստանի համար համաժողովի անցկացումը կրկնակի ուրախություն է այն առումով, որ համաժողովի անցկացումը Հայաստանի մայրաքաղաքում համընկնում է բոլորիս համար կարևոր մի իրադարձությանը. այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը:
Ինչպես նշեց խոսնակը, ընդամենը 2008թ. հոկտեմբերին էր, երբ Քվեբեկի գագաթաժողովում Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ` շեշտելով, որ ընդունում է ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքները և հաստատակամ է` նպաստելու այդ արժեքների տարածմանն ու ամրապնդմանը:
ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ չնայած ֆրանսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ, սակայն դարեր ի վեր, ֆրանսերենը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի համար եղել է ավելին, քան հաղորդակցության լեզու: Ւնչպես հիշեցրեց Աբրահամյանը, 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ ժողովրդի զավակների համար ֆրանսերենը դարձավ, ստեղծագործելու և արարելու լեզու:
Ինչպես ընդգծեց ՀՀ ԱԺ խոսնակը, Հայաստանում ֆրանսերենը խորհրդայնացումից հետո չմոռացվեց և նոր շունչ ստացավ հատկապես 1946-47 թվականների հայրենադարձությունից հետո:
«Հայ ժողովուրդը շատ այլ փոքրաթիվ ժողովուրդների նման դարեր շարունակ պայքարել է հանուն մայրենի լեզվի պահպանման և հարստացման: Բայց միևնույն ժամանակ աշխարհի հետ համընթաց քայլելու համար հայ մարդուն անհրաժեշտ է եղել իմանալ նաև այլոց լեզուն ու մշակույթը: Այսօր, երբ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականություն, երբ ձգտում է ակտիվ դերակատարում ունենալ միջազգային կառույցներում, կարծում եմ, որ առավել քան արդիական են այս գիտելիքները», - ասել է նա:
Խոսնակը նաև նշել է, որ արագ զարգացող աշխարհում կատարվող փոփոխությունները պարտադրում են, որ 21-րդ դարի հայ երիտասարդ սերունդն ավելի պատրաստված լինի` դիմագրավելու նոր մարտահրավերներին, իսկ քաղաքական գործիչները պատրաստ են օգնել նրան: Աբրահամյանն ավելացրել է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է պաշտել ու պահպանել մայրենի լեզուն, բայց, միաժամանակ, «պիտի նաև ետ չմնա համաշխարհային քաղաքակրթության գնացքից»:
Ինչպես նշել է խոսնակը, 2009 թ.-ին Հայաստանի խորհրդարանին տրամադրված ասոցացված անդամի կարգավիճակը ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն է տալիս լիարժեք մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ Երևանում համաժողովի անցկացումը այդ ուղղությամբ կատարվող կարևորագույն քայլերից է:
1970 թ.-ի մարտի 20-ին Նիգերի մայրաքաղաքում հիմնադրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ:
Կազմակերպությունը ներկայացված է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ ընդգրկված են Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող շուրջ մեկ երրորդ երկրները: Կազմակերպության նպատակը ֆրանսերենի տարածումն ու մշակութային բազմազանության պաշտպանությունն է:-0-