ՌԴ Դաշնային Խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի հայաստանաբնակ վետերաններին Հաղթանակի 65-ամյակի առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 65-ամյակի առթիվ։ Պատմության մեջ կան անմոռանալի տարեթվեր, և դրանցից գլխավորը 1945 թվականի մայիսի 9-ն է»,- ասվում է շնորհավորական ուղերձում, որի տեքստը երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Միրոնովն ընդգծել է, որ Մեծ Հաղթանակը միավորում է երկրներ և ժողովուրդներ, անկախ քաղաքացիությունից և ազգությունից։ «Մենք հպարտ ենք, որ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների թվում քիչ չեն ձեր հայրենակիցները։ Հայաստանի ավելի քան 600 հազար որդիներ և դուստրեր մարտնչել են այդ սարսափելի պատերազմի ճակատներում, 90 հայ զինվորներ արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման»,- ասվում է տեքստում։
«Մեր եղբայրական ժողովուրդները փրկել են մարդկությունը ֆաշիզմից։ Այսօր մեր խնդիրն է՝ պահպանել պատմական հիշողությունը, թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրում և կեղծում»,- նշել է ՌԴ Դաշնային Խորհրդի ղեկավարը։
Նա վստահություն է հայտնել, որ պատերազմի դաժան տարիներին կոփված ռուս-հայկական դարավոր բարեկամությունը հետագայում էլ կամրապնդվի նոր սերունդների կողմից։ Միրոնովը վետերաններին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք, շրջապատի ուշադրություն և հոգատարություն, հոգևոր ջերմություն։ -0-