Վարչապետը ծանոթացել է Սպիտակ քաղաքի բնակարանաշինության աշխատանքների ընթացքին

03.05.2010, 19:47
Վարչապետը ծանոթացել է Սպիտակ քաղաքի բնակարանաշինության աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Վարչապետը նախ այցելել է «Վարպետաց թաղամաս», որտեղ  ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին և որակին, այնուհետև խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ: Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների բնակարանով ապահովման խնդիրներին:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված շինաշխատանքների թերությունների շտկման հարցերին: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ ըստ ժամանակացույցի, բոլոր թերությունները շտկվում են:

«Կառավարության ղեկավարը խոսել է «Վարպետաց թաղամասի» կառուցման մասին, նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես ծրագիր: Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Ազգային մրցունակության խորհրդին  եւ շահագրգիռ մարմիններին»,- նշված է հաղորդագրութւյան մեջ:

Տրվել են համապատասխան հանձնարարականներ շինարարական աշխատանքները լավագույնս կազմակերպելու եւ ժամանակին ավարտելու վերաբերյալ:-0-