Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Շանհայ-Էքսպո» ցուցահանդեսի հայկական տաղավարի բացմանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ մասնակցել է «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի տաղավարներով»,- ասվում է հաղորդագրությունում։
ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդես է բացվել Շանհայում։
ԷՔՍՊՈ-2010-ը կգործի Շանհայում մինչև հոկտեմբերի 31-ը։ Ցուցահանդեսին, որին Չինաստանը պատրաստվում էր նույնքան մանրամասն, որքան Օլիմպիադա-2008-ին, կմասնակցեն ավելի քան 200 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Ակնկալվում է, որ աշխատանքի ընթացքում «Ավելի լավ քաղաք, ավելի լավ կյանք» կարգախոսով անցնող ԷՔՍՊՈ հարթակ կայցելեն ավելի քան 70 միլիոն հյուրեր, այդ թվում պետությունների ղեկավարներ և ողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մեկնել է Չինաստան` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով։
Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Էներգետիկայկի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի ՉԺՀ նախագահի հետ։
Հայկական պատվիրակությունը կայցելի նաև Ցզյանսի նահանգի Սուչժոու քաղաքը, որտեղ Սարգսյանը կգտնվի Գիտության, մշակույթի և արվեստի կենտրոնում, Գիտության և կրթության նորարարական կենտրոնում և HIGER ավտոբուսների գործարանում։
Հայաստանի Նախագահը կմասնակցի նաև «Շանսի-Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի արտադրման հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում։ Ձեռնարկությունը խոշորագույն նախագծերից մեկն է հայ-չինական տնտեսական համագործակցության շրջանակներում։
Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա մայիսի 3-ին։ -0-

