ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատշաճ կերպով կնշի Մեծ Հաղթանակի 65-ամյակը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Մասնավորապես, ըստ նրա, Հաղթականի Օրը՝ մայիսի 9-ին, հայ կոմունիստներն, այլ միջոցառումների թվում, ծաղիկներ կդնեն Երևանում անհայտ զինվորի գերեզմանին։
«Նշելով Հաղթանակի 65-ամյակը՝ մենք մեր հարստությունն ենք համարում այն ավանդը, որ ունի հայ ժողովուրդը պատմության մեջ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»,- ընդգծեց նա։
Նա հայտնեց նաև, որ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը թողարկել է Հաղթանակի 65-ամյակին նվիրված մեդալներ, որոնք կստանան նաև հայ վետերաններն, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության ակտիվը։
Թովմասյանը նշեց, որ այս տոնն ամենահանդիսավոր կերպով կնշվի նախկին միութենական բոլոր հանրապետություններում։
«Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները Հայաստանից»,- ասաց նա։
Ներկայում Հայաստանում բնակվում է Հայրենական Մեծ պատերազմի շուրջ 3760 վետերան։
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմանը համապատասխան՝ Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տասը հայ վետերաններ կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի Շքերթին։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ճակատ է ուղարկել 600 հազար հայ զինվոր։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազար հայ։ Հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 106 Հերոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարների թվում են Խորհրդային Միության կրկնակի Հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գերագույն մարշալ Համազասպ Բաբաջայնյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ ծավոկալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը նախապատրաստել և ճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա։ -0-