Հայաստանում երկու խանութներ Microsoft ընկերության հետ բանակցությունների և համաձայնության հասնելու արդյունքում փոխհատուցել են չարտոնագրված սկավառակների վաճառքից ստացած վնասը՝ 5 մլն դոլարի չափով, ասաց BSA (Business Software Alliance) միջազգային կազմակերպության փորձագետ, Microsoft ընկերության իրավունքի և օրինական շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։
2010թ.-ի փետրվարին BSA կազմակերպությունը ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ համագործակցությամբ ստուգումներ է անցկացրել Երևանի կենտրոնի տասը խանութներում, որոնցից չորսը մասնագիտացված են համակարգիչների վաճառքի, իսկ վեցը՝ սկավառակների վաճառքի մեջ, այն բանի համար, որպեսզի ստուգեն, իրականացնու՞մ են, արդյոք, տվյալ առևտրային կազմակերպությունները արտոնագրված ծրագրային փաթեթների վաճառք։
«Հայաստանում առաջին անգամ հեղինակային իրավունքի խախտման համար վնաս է փոխհատուցվել։ Microsoft ընկերությունը մինչև ոստիկանություն դիմելը միշտ փորձում է վիճելի հարցերը ընկերության իրավունքները խախտողների հետ լուծել բանակցությունների միջոցով և միայն անհաջողության դեպքում է դիմում ոստիկանությանը՝ ապացույց հավաքելու նպատակով»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրում ասաց Մկրտչյանը։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Microsoft ընկերությունը քրեական հետապնդման վերաբերյալ 24 հայտ է ներկայացրել, որոնք վերաբերում են ոչ միայն սկավառակների և համակարգիչների վաճառքով զբաղվող խանութներին, այլև Հայաստանում գործող միջին և խոշոր բիզնես-կամակերպություններին, որոնք օգտագործում են Microsoft-ի ծրագրերը։
Ըստ Մկրտչյանի՝ Երևանի կենտրոնում տեղակայված սկավառակների վաճառքով զբաղվող խանութների նկատմամբ, որոնց հետ չի հաջողվել համաձայնության գալ, քրեական երեք գործ է հարուցվել։
«Հայաստանում սկավառակների վաճառքով զբաղվող վեց խանութների պատճառած վնասի չափը գնահատվում է 33,1 մլն դրամ կամ 86 հազար դոլար»,- պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ բացի փոխհատուցած 5 հազար դոլար գումարից, մնացած գործերով հարցերը կլուծվեն դատական կարգով, քանի որ խանութների տերերը չեն ճանաչել իրենց կողմից պատճառած վնասի չափը։
Միաժամանակ փորձագետը նշեց, որ իրավունք չունի նշել խանութները մինչև այն պահը, երբ գործերը դեռ գտնվում են նախնական հետաքննության շրջանում։ -0-