ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունեց Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և աուդիտորների ազգային ասոցիացիայի պաշտոնյաների պատվիրակությունը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պատվիրակությունն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը:
«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ներկայացրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն առնչություն ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ՀՀ ՊՆ համակարգի ընթացիկ բարեփոխումներն ու դրանց հեռանկարները, իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մոտեցումները տարածաշրջանային հակամարտությունների, և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, ՀՀ զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը և այդ ոլորտում կատարված աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է Հայաստանի պետական սահմանների պահպանման գործում ՀՀ ՊՆ դերակատարության, ՆԱՏՕ-ի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնակցության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրավասությունների շրջանակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության անցկացման վերաբերյալ պատվիրակության անդամների հարցերին: -0-