Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Իրանի միջնորդական մասնակցության վերաբերյալ, ակնկալվող արձագանք չի ստանա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Իրանի միջնորդական մասնակցության վերաբերյալ, պայմանավորված է մի քանի գործոնով, մասնավորապես որ վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Իրանը փորձեց դուրս գալ դիվանագիտական այն մեկուսացումից, որում հայտնվել էր վերջին ժամանակներում։ Այդ հայտարարությանը դժվար թե կարելի է լուրջ վերաբերվել, և դժվար թե այն փոխի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ դա ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- ասաց Մինասյանը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին նախորդ շաբաթ հայտարարություն էր արել այն մասին, որ պաշտոնական Բաքուն ընդունել է Իրանի առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդության վերաբերյալ, և որ Թեհրանը նաև Երևանի պատասխանին է սպասում։
Մինասյանի խոսքերով, Ադրբեջանն անվստահություն և վախ է զգում Իրանի առջև, իսկ Իրանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես երրորդ կողմ ընդգրկելու համաձայնությունը բացատրվում է Բաքվի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը փոխելու ցանկությամբ։
«Պարզապես Բաքուն օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ փորձելով փոխել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափը։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ և Բաքվում, և Թեհրանում գիտակցում են, որ Մոթաքիի առաջարկությունը որևէ լուրջ արձագանք չի ունենա։ Ըստ էության, սա ռազմավարական-մարտավարական հնարք է, և ուրիշ ոչինչ, քանի որ ոչ ոք, նույնիսկ Բաքվում, չի ակնկալում, որ Հայաստանը կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարձագանքեն այս առաջարկությանը»,- ասաց քաղաքագետը։
Փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանն իր հերթին կփորձի ժամանակ ձգել վերջնական պատասխան տալու համար և պայմանավորվել Թեհրանի հետ՝ այդ հարցը փակելու համար։
Մինասյանը նշեց, որ Հայաստանի համար ձեռնտու չէ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս գալու որևէ ձևաչափ, և որ Հայաստանը շահագրգռված կլինի դրա փոփոխմամբ միայն այն դեպքում, եթե ԼՂՀ-ն ընդգրկվի կարգավորման բանակցային գործընթացում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-