Հայ-թուրքական բարելավման գործընթացը ձեռք է բերել նոր որակ, Հայաստանի որոշումը՝ արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման վերաբերյալ, գործընթացին նոր ազդակ հաղորդեց, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը։
ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը և որոշում է ընդունել դեռ դուրս չգալ գործընթացից, քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:
«Գործընթացի սառեցման որոշումից հետո փոխադարձ պարտականություններն ավելի հստակ դարձան։ Հայաստանը ցույց տվեց Թուրքիային և ողջ աշխարհին, որ նա հավատարիմ է առանց նախապայմանների հարաբերությունների բարելավման ներկայացրած քաղաքականությանը»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Ըստ նրա, ստեղծված իրավիճակի մեղքն ամբողջովին Թուրքիայինն է։
Իր հերթին Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը հաղթող չէ հայ-թուրքական մերձեցման ներկա փուլում։
«Մեր կարծիքով, կարգավորման փորձերն էլ ավելի վատացրեցին երկու երկրի հարաբերությունները։ Նույնիսկ վտանգ կա, որ Թուրքիայի տարածքում բնակվող մեր հայրենակիցները կարող են տուժել հարաբերությունների սառեցման պատճառով»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը։
Նա նշեց նաև, որ հնարավոր է, առաջիկայում սրվի գերտերությունների ճնշումը Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ «Թուրքիան երբեք չի հրաժարվի հայկական կողմից ղարաբաղյան հարցում զիջումների հասնելու մտադրությունից»։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: -0-