Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA) հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության կապակցությամբ:
Այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել է նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը: Ոչ մի անգամ չհնչեցնելով «ցեղասպանություն» բառը՝ նա կրկին կոչ է արել Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել է, որ այդ ջանքերի շնորհիվ երկու երկրները միայն ավելի ուժեղ կլինեն: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու խոստումը Օբաման տվել է նախընտրական արշավի ժամանակ, սակայն դեռ այն չի կատարել:
«Հերթական անգամ ամոթալի կերպով անձնատուր լինելով թուրքական սպառնալիքներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը բնութագրելիս խուսափեց Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչումից և օգտագործեց խուսափողական տերմինաբանություն», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ANCA-ի հայտարարության մեջ:
«Այսօր մենք ԱՄՆ-ի և ողջ աշխարհի հայության հետ միասին մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում այն բանի կապակցությամբ, որ նախագահ Օբաման հրաժարվեց պատշաճ կերպով դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հարգել զոհերի հիշատակը», - այս կապակցությամբ հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Հաչիկյանը (Ken Hachikian):
Նա ընդգծել է, որ մարդու իրավունքների կարևոր հարցերի առնչությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմի քաղաքական ուղղվածության նկատմամբ անցած տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ձեռնարկած գործողություններից հետո նախագահ Օբաման կատարեց իր խիստ ընտրությունը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ իր կողմից տրված պարտավորության համաձայն, թե ճշմարտության և արդարության թուրքական ժխտման հանցակիցը մնալ:
ANCA-ում հիասթափված են, որ ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ի հայտարարությունը չի օգտագործել որպես հարթակ հայ-թուրքական գործընթացի առաջխաղացման համար, որը դադարեցվել է ղարաբաղյան հարցի առնչությամբ Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանների և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն արգելակելու նպատակով արձանագրությունները օգտագործելու ամոթալի փորձերի պատճառով:
ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Արձանագրությունները ստորագրվել են Ցյուրիխի համալսարանում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի կողմից 2009 թ.-ի հոկտեմբերի 10 ին:
Միաժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը և որոշում է ընդունել դեռ դուրս չգալ գործընթացից, քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 50 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:-0-