Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն առաջարկել է Կրոնական առաջնորդների համաշխարհային հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Երևանում և հույս է հայտնել, որ համընդհանուր ջանքերով կհաջողվի խաղաղ կերպով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
Երկուշաբթի Բաքվում մեկնարկված կրոնական առաջնորդների գագաթնաժողովին Գարեգին Երկրորդի մասնակցությունը նորագույն պատմության մեջ Ադրբեջանի մայրաքաղաք հայկական եկեղեցու ներկայացուցչի առաջին այցն է: Ինչպես լրագրողներին հայտարարել է գագաթնաժողովի կազմկոմիտեի անդամ, միջկրոնական հարցերի փորձագետ Ռոման Սիլանտևը, կաթողիկոսի այցը մեծացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը:
«Հուսով եմ, որ համընդհանուր ջանքերով կհաջողվի խաղաղ կյանք ապահովել.... բանակցությունները կպսակվեն ցանկալի արդյունքով», - ասել է Գարեգին Երկրորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքերով՝ գագաթնաժողովը կարող է «խաղաղության նոր ծիլեր» պատրաստել:
Բաքվում կայանալիք գագաթնաժողովին մասնակցում են, մասնավորապես, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշա-զադեն:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-