Հայ-թուրքական արձանագրությունները մնում են օրակարգում, տեղեկացրել է «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Արձանագրությունների վավերացումը կասեցվել է, սակայն նրանք հանված չեն օրակարգից: Արձանագրությունները մնում են օրակարգում, և մենք կսպասենք մինչև Թուրքիան որոշի խոսել առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու մասին», - հայտարարել է Բիշարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Արձանագրությունները ստորագրվել են Ցյուրիխի համալսարանում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի կողմից 2009 թ.-ի հոկտեմբերի 10 ին:
Պատգամավորը հիշեցրել է, որ հայ-թուրքական գործընթացի մեկնարկի առաջին իսկ օրվանից Հայաստանը խոսել է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Բիշարյանի կարծիքով՝ Թուրքիան պետք է համապատասխան եզրակացություններ անի:
«Հայաստանն իրեն ճիշտ է պահել, և այսօր պետք է նրանք որոշում կայացնեն: Ողջ աշխարհը հետևելու է Թուրքիային», - կարծում է նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված:--0—