ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում Թուրքիայի մասնակցության հնարավորությունը չի կարելի հավանական համարել, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների կազմում Թուրքիային ներառելու մասին Ադրբեջանի առաջարկը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է շփումների մեջ այդ խնդրի շուրջ: Վերջին ժամանակների ընթացքում որոշակի քանակությամբ առաջարկություններ են արվել, որոնք ուսումնասիրվում են: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ համապատասխան գնահատականներ անելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացում մասնակցող կողմերի հետ շփումներ կազմակերպել և պարզել այդ հարցերի նկատմամբ նրանց վերաբերմունքը:
«Սա այն ձևաչափն է, որին Հայաստանը չի համաձայնի: Իսկ մեկ ափը ծափ տալ չի կարող», - ասաց Իսկանդարյանը:
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ Մինսկի խումբը չի ենթադրում նման որոշման ընդունում փոխհամաձայնության հիման վրա, այդ պատճառով «չարժե դրան վերաբերվել որպես իրական քաղաքական հեռանկարի»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-