Նախագահ Սարկոզին ողջունում է Հայաստանի Հանրապետության ղեկավարի կողմից հաստատված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին հետևելու պատրաստակամությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, չնայած դժվարություններին, որոնց հանդիպել են երկու կողմերը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում, նախագահ Սարկոզին ողջունում է Հայաստանի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին հետևելու պատրաստակամությունը ։
«Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին պահպանել երկխոսությունը և բազմապատկել ջանքերն ուղղված ողջ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստող վերոհիշյալ արձանագրությունների շուտափույթ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին։
Ժողովրդին ուղղված խոսքում երկրի ղեկավարը նշեց, որ մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար, հետևաբար Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել: Միաժամանակ, ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն և որոշում է ընդունել առայժմ դուրս չգալ գործընթացից։ -0-