ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցումն ու հայ-թուրքական գործընթացի սառեցումը ձեռնտու է Թուրքիային, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«ՀՀ ղեկավարության երեկվա որոշումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի, ինչը և պետք է Թուրքիային: Ստեղծված իրավիճակը որոշ չափով ձեռնտու է նաև Հայաստանին, սակայն սկզբից գործընթացի սառեցմանը ձգտում էր հենց թուրքական կողմը», - ասաց Շաքարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նրա խոսքերով, չի կարելի պնդել, որ վավերացման գործընթացի կասեցումը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի կողմից կոշտության դրսևորում է կամ պատասխան թուրքական կողմի հայտարարություններին:
«Մեզ որոշակի աստիճանով ևս ձեռնտու է ընդմիջում վերցնել գործընթացում: Վերջիվերջո, ավելի լավ է հարաբերությունները սառեցված լինեն, քան թշնամական», - նշեց փորձագետը:
Սակայն Շաքարյանը կարծում է, որ Թուրքիան այսուհետ ևս չի հրաժարվի ղարաբաղյան հարցում նախապայմաններ առաջադրելուց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրի խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-