Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի պայքարը շարունակվում է. նախագահ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ցեղասպանության փաստի դատապարտման Հայաստանի պայքարը շարունակվում է, ասվում է ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի ուղերձում:
«Սիրելի հայրենակիցներ, երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը», - ասվում է հինգշաբթի ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ նախագահի ուղերձում:
Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են հայ ժողովրդին՝ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են հայերի ցավը:
«Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել», - իր ուղերձում նշում է նախագահը:
«Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են: Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու: Աստված մեզ պահապան», - նշում է նախագահը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-