Հայաստանն առայժմ դուրս չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից. նախագահ

22.04.2010, 20:08
Հայաստանն առայժմ դուրս չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից. նախագահ
Հայաստանն առայժմ դուրս չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից. նախագահ

Հայաստանը վճռել է առայժմ դուրս չգալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը, ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ժողովրդին հղած ուղերձում:

Ինչպես ասվում է հինգշաբթի նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, նախագահը նշում է, որ Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերա­բեր­յալ քննարկումներ է անցկացրել և շարունակում է դրանք Ֆրանսիայի նախա­գահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նա­խագահ Բարաք Օբամայի, Ռուսաս­տանի նա­խագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների գործ­ընկեր­ների հետ:

«Ես շնորհակալ եմ նրանց` մեր նա­խա­ձեռնությանը ցու­ցա­բերած օժան­դակու­թյան, գործ­ընթացին սա­տա­­­րելու և դրա առաջընթացին միտ­ված ջան­քերի հա­մար: Չեմ թաքցնում՝ մեր գործ­ըն­կեր­ները հորդորել են ինձ շա­րու­նակել գործընթացը, հորդորել են չկանգ­նեցնել այն», - ասաց Սարգսյանը:

«Հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկություն­ները, կոա­լիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո՝ մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահան­ջում մեր ազգային շահը», - ասել է Սարգսյանը:

Ինչպես նշել է ՀՀ նախագահը, Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Հայ-թուրքական հարաբերու­թյունները կարգա­վո­րե­լու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք ա­ռաջ շարժ­վելու հարցը, երբ համոզվենք, որ Թուր­քիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբե­րությունների կարգավոր­մանը վերստին պատ­րաստ առաջնորդություն», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտ­բոլի ազգա­յին հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդի­պումից սկսված գործ­­­ընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժա­մանակ շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նա­խագահ Աբդուլահ Գյու­լին` «այս ողջ ընթացքում ցուցա­բե­­րած քաղա­քա­կան կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավոր­վեցին մեր միջև»:-0-