«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ընդհանրապես դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

22.04.2010, 17:28
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ընդհանրապես դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ընդհանրապես դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

Հայաստանը պետք է ոչ միայն դադարեցնի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, այլև դուրս գա ներկայիս բանակցային գործընթացից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահին ուղղված կոալիցիոն խմբակցությունների այսօրվա առաջարկը:

«Իրականում Հայաստանը ինչպես խորհրդարանում, այնպես էլ նրանից դուրս իրավունք չունի քաղաքական օրակարգում պահել հայկական շահերին սպառնացող նման բանաձևերը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք կոալիցիայի մեր գործընկերներին կիսաքայլի փոխարեն հստակ դնել հարցը քաղաքական օրակարգից այդ արձանագրությունները հանելու մասին», - ասաց նա:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն Թուրքիան ամեն կերպ արգելակում է գործընթացը՝ ստորագրման համար որպես նախապայման առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գործընթացում հայկական կողմի զիջումները:

Հայկական իշխող կոալիցիան առաջարկում է կանգնեցենել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը երկրի խորհրդարանում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում:

«Եթե խոսքը միայն խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու մասին է, ապա, իհարկե, ճիշտ չի լինի պնդել, որ մենք դրան դեմ ենք, սակայն մենք դա կիսաքայլ ենք համարում», - նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է նոր բանակցային գործընթաց սկսել, որը, իսկապես, առանց նախապայմանների կընթանա և նրանում խորամանկության տեղ չի լինի թուրքական նախապայմանների բավարարման համար: Ինչպես կարծում է Սաֆարյանը, կամ էլ բանակցությունները պետք է ընթանան «ամենը սեղանի վրա» սկզբունքով, որոնց ժամանակ հայկական կողմը պետք է ներկայացնի իր տեսլականներն ու դիրքորոշումները, ինչպես դա տարի-տարիուկես անում էր թուրքական կողմը:

Սաֆարյանը նշեց, որ կոալիցիոն խմբակցությունների այսօրվա հայտարարությունն ինքնատիպ նախապատրաստություն էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին նախագահ Սարգսյանի հայտարարության համար:

«Տեղեկություն տարածվեց, որ տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն, Ազգային անվտանգությոն խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են այդ հարցերը: Ես կարծում եմ, որ նախագահին աջակցող քաղաքական ուժերը հիմք են ստեղծում նրա ելույթի համար», - ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Միաժամանակ նա պարզաբանեց, որ վաղ է որևէ եզրահանգումներ անել նախագահ Սարգսյանի ուղերձից առաջ:

«Շատ հնարավոր է, որ նախագահը պարզապես ցանկանում է ցույց տալ, որ իրեն աջակցող ուժերն իր առջև նման պահանջ են դնում», - ասաց Սաֆարյանը:-0-