«Մենք կարդում, խոսում և գրում ենք ռուսերեն» միջդպրոցական փառատոն-մրցույթ կանցկացվի Երևանում

21.04.2010, 15:50
«Մենք կարդում, խոսում և գրում ենք ռուսերեն» միջդպրոցական փառատոն-մրցույթ կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Մենք կարդում, խոսում և գրում ենք ռուսերեն» միջդպրոցական փառատոն-մրցույթը կանցկացվի ապրիլի 22-23-ը Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութային-գործարար կենտրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից: Փառատոնն այս տարի նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Փառատոնի շրջանակներում կազմակերպած մրցույթը բաղկացած կլինի երեք անվանակարգից՝ «Ընթերցանություն» (ՀՄՊ-ի մասին ասմունք), «Խոսք» (ՀՄՊ-ի մասին պիեսի մի փոքր հատվածի ցուցադրում՝ մենախոսական և երկխոսական խոսքի զարգացման գնահատման նպատակով) և «Երգեցողություն» (ՀՄՊ-ի մասին հայ կամ ռուս կոմպոզիտորի գրած երգի կատարում):

Հաղորդագրությունում նշվում է, որ փառատոնի բոլոր հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով, պատվոգրերով, հատուկ մրցանակներով, իսկ մասնակիցները՝ հավաստագրերով և նվերներով:

«Մենք կարդում, խոսում և գրում ենք ռուսերեն» միջդպրոցական 3-րդ փառատոն-մրցույթն անցկացվում է «Սլավյանսկիյ դոմ» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ: -0-