ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի էներգետիկ համակարգը լավագույնն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Այժմ մեր տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ համակարգն ամենակայացածն է՝ ինչպես իր արտադրական և բաշխիչ հզորություններով, այնպես էլ բաշխման կուլտուրայով, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգով: Եվ ոչ միայն տարածաշրջանում, այլև նախկին ԽՍՀՄ երկրների շարքում մենք առաջինն ենք», - ասաց նա Երևանի նոր ՋԷԿ-ի բացման արարողությունից հետո, որը զինված է համակցված շոգեգազային ցիկլ ունեցող էներգակայանով:
Նախարարն ավելացրեց, որ դա ոչ միայն իր սուբյեկտիվ գնահատականն է, այլև մի շարք փորձագետների և մասնագետների կարծիքը:
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ամենամյա ծավալը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կազմում է ժամում մոտավորապես 5,5-6 կիլովատ: Ի տարբերություն հարևան երկրների՝ Հայաստանն ունի էլեկտրաէներգիա արտահանելու իրական հնարավորություններ, մասնավորապես, դեպի Թուրքիա և Վրաստան, էլեկտրաէներգիայի փոխհոսքեր են իրականացվում Իրանի հետ:
Հայաստանում 1976թ.-ից գործում է տարածաշրջանի միակ ատոմակայանը, որը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը: Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։--0--