Հայաստանում հրաբխային ժայթքումների վտանգը մեծ չէ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հրաբխային ժայթքումների վտանգը մեծ չէ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ, Հայաստանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանը:
«Կարծում եմ՝ Հայաստանում հրաբխային ժայթքումների վտանգը մեծ չէ, սակայն այս խնդիրն անտեսել չի կարելի», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի երկրաբանության ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիան ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով:
Մասնավորապես, նրա խոսքերով՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի առաջիկա կառուցման կապակցությամբ լաբորատորիան օտարերկրյա փորձագետների հետ համատեղ ակտիվորեն զբաղվում է Հայաստանում սեյսմիկ և հրաբխային հնարավոր վտանգի ուսումնասիրությամբ:
Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել՝ շուրջ 1000 Մեգավատ հզորությամբ: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թ.-ի սկզբին:
Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկներով «Հայաստանի տարածքում վերջին անգամ հրաբխային ժայթքում է գրանցվել մի քանի հազար տարի առաջ»:
Նրա խոսքերով, Հայաստանում պոտենցիալ ակտիվ հրաբուխներ են համարվում Վարդենիսի շրջանի «Փորակ» հրաբուխը, Սյունիքում՝ «Քարքար», «Նազելի», «Սմբատասար» հրաբուխներն ու Վայքում՝ «Վայոց սար» հրաբուխը:
«Սակայն այս հրաբուխների ակտիվացման հավանականությունը մեծ չէ», - ասաց փորձագետը:-0-