ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Եվրոպայից, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Ապրիլի 20-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Նկատի ունենալով, որ հրաբխային ամպամածության հետևանքով փակվել էր եվրոպական երկրների մեծ մասի միջև օդային հաղորդակցությունը, ՀՀ նախագահը ՌԴ է մեկնել ուղղակիորեն Եվրոպայից»,- նշում է Արզումանյանը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը երկու երկրների գործընկերության և միջազգային օրակարգի արդիական հարցեր կքննարկեն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան այսօր երեկոյան։
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նախորդ հանդիպումը կայացել էր 2010թ.-ի հունվարի 18-ին, երբ ՀՀ նախագահն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ կարճատև այց էր կատարել Մոսկվա՝ ՌԴ նախագահի հրավերով: Այն ժամանակ կողմերը մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր էին քննարկել, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, տարածաշրջանային անվտանգության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են 2010թ.-ի համագործակցության ծրագրերը: -0-