ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը երկու երկրների գործընկերության և միջազգային օրակարգի արդիական հարցեր կքննարկեն, հանդիպման նախաշեմին հայտնել է Կրեմլի տեղեկատվական աղբյուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սերժ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով երեքշաբթի կժամանի Մոսկվա՝ Դմիտրի Մեդվեդևի հրավերով։
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նախորդ հանդիպումը կայացել էր 2010թ.-ի հունվարի 18-ին, երբ ՀՀ նախագահն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ կարճատև այց էր կատարել Մոսկվա՝ ՌԴ նախագահի հրավերով: Այն ժամանակ կողմերը մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր էին քննարկել, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, տարածաշրջանային անվտանգության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են 2010թ.-ի համագործակցության ծրագրերը:
«Բանակցությունների ընթացքում կդիտարկվեն ռուս-հայկական դաշնակցային գործընկերության մի շարք արդիական հարցեր։ Դրանց անփոփոխ կառուցողական բնույթը բխում է կանոնավոր վստահելի քաղաքական երկխոսությունից»,- ասել է աղբյուրը։
Ռուսաստանի և Հայաստանի նախագահների 2009-2010 թվականներին գրանցված շփումները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցերի (2009 թվականի ապրիլին և հոկտեմբերին, 2010 թվականի հունվարին) ընթացքում և բազմաթիվ միջոցառումների շրջանակներում, հաստատեցին հետագա համագործակցության զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը, նշել է նա։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերն է, և, չնայած փոխադարձ ապրանքաշրջանառության որոշակի կրճատմանը (2009 թվականին այն կազմել է 723,2 մլն դոլար) համաշխարհային ճգնաժամի հետևանքով, կողմերը շարունակում են իրականացնել առաջնահերթ ներդրումային նախագծեր, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Ռուսական կուտակած ներդրումները Հայաստանի տնտեսությունում հասնում են գրեթե 2,4 մլրդ դոլարի (երկրի բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե 60 տոկոսը)։ Ռուսական կապիտալի տեղաբաշխման հիմնական ճյուղերը հայկական ազգային տնտեսության էներգետիկ, բանկային, հեռահաղորդակցային, լեռնամետաղագործական և շինարարական հատվածներն են»,- ասել է աղբյուրը։
2009 թվականի հունիսին՝ տնտեսական ճգնաժամի բարձրակետում, Հայաստանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 500 մլն դոլար պետական վարկի տեսքով, շարունակվում է ռուսական մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանի բնակչությանը, հիշեցրեցին Կրեմլից։ Հայկական շուկայում ակտիվ աշխատող կորպորացիաների թվում են ռուսական «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «ՌԵ»-ն, «ՎՏԲ Բանկը», «Ռուսական ալյումինիումը», «Վիմպելկոմը», «Սիստեմա» ԲՖԿ-ն»։
«Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի արտաքին տրանսպորտային կապերի բարելավման նպատակով։ Մասնավորապես, 2009 թվականի ճգնաժամային պայմաններում երկու երկրների միջև աճել են բեռնափոխադրումների ծավալները Կովկաս-Փոթի երկաթուղային լաստանավային նավահանգստով»,- նշում է աղբյուրը։
Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից աշխատանքն է վերսկսել ռուս-վրացական սահմանում գտնվող «Վերին Լարս» անցակետն, ինչը հնարավորություններ է բացում Հայաստանի հետ Ռուսաստանի ցամաքային տարանցիկ կապի իրականացման համար։
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Տնտեսական ոլորտի առաջնահերթ նշանակությունը պահպանում է երկու երկրների փոխգործակցությունն էներգետիկ բնագավառում։
«Ռուսական ընկերությունները կայուն հիմքով ամբողջովին ապահովում են Հայաստանի պահանջները բնական գազի և միջուկային վառելիքի մատակարարման հարցում։ Հաջողությամբ առաջ է ընթանում խոշոր համատեղ նախագծերի իրագործումը գազի և ատոմային էներգետիկայի ճյուղերում»,- նշել են Կրեմլից։ Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանը և Ռուսաստանը հաստատեցին Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի շինարարության «Մեծամորէներգոատոմ» ռուս-հայկական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը։
Հայաստանը նախատեսում է ԱԷԿ-ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր բլոկ կառուցել։ Նախագծի իրականացման նպատակով օտարերկրյա կապիտալի ներդրման համար Հայաստանի կառավարությունը 2006 թվականին օրենսդրորեն չեղյալ հայտարարեց պետմենաշնորհն ատոմային նոր բլոկներին տիրելու նկատմամբ։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011 թվականի սկզբին, իսկ նոր բլոկը՝ շահագործման հանձնել մինչև 2017 թվականը։ Մինչ այդ կայանի գործող էներգաբլոկը պետք է փակվի։
Նախորդ տարվա հոկտեմբերին «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի այցի շրջանակներում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին անվտանգության եվրոպական նորմերին համապատասխան հավաստագրված 1060 ՄՎտ հզորությամբ և շահագործման 60 տարվա ժամկետով միջուկային նոր էներգաբլոկի շինարարության, ըստ АЭС-92 նախագծի ռուսական արտադրության սարքավորումներով նոր էներգաբլոկի «միջուկային կղզու» պահեստավորման և զինման, ռուս-հայկական «Մեծամորէներգոատոմ» ԲԸ ստեղծման (այն բաց է նաև այլ ներդրողների միանալու համար), միջուկային ռեակտորի շինարարության ֆինանսավորման հարցերի լուծման ուղղությամբ ջանքերի միավորման վերաբերյալ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
«Զգալի ուշադրություն հանդիպման ընթացքում կհրավիրվի միջազգային և տարածաշրջանային հարցերի օրակարգին»,- ասել է աղբյուրը, հիշեցնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հաստատված է արտաքին քաղաքական արդյունավետ համակարգում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ, ՀԱՊԿ շրջանակներում։
Ռուսաստանում դրական է ընկալվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, բարիդրացիական կապերի հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև օբյեկտիվորեն կնպաստի տարածաշրջանում իրավիճակի առողջացման վրա, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մեդվեդևն ու Սարգսյանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս վիճակը։ «Ռուսական կողմն, այդ թվում, նկատի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր կարգավիճակը, չի նվազեցնում միջնորդական ջանքերի ակտիվությունը, որոնց շնորհիվ որոշ առաջխաղացում է արձանագրվել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման գործում»,- տեղեկացրել է աղբյուրը։
Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին փոխընդունելի լուծումների որոնման հարցում և պատրաստ է կողմ հանդես գալ հակամարտությունից դուրս գալու այն տարբերակին, որը ձեռնտու կլինի ներգրավված բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ հանդես գալ որպես կարգավորման երաշխավորող։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում