ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ժամացուցակով տրված Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Ցյուրիխ-Երևան և Երևան-Ամստերդամ-Երևան ուղղություններով օդային հաղորդակցության վերականգնման դեպքում «Արմավիա» ավիաընկերությունը չարտերային չվերթեր կկազմակերպի տվյալ ուղղություններով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Իսլանդիայի Էյաֆյադլայոքուլ սառցադաշտի տակ հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայում ստեղծված աննախադեպ իրավիճակի պատճառով և նկատի առնելով ավիահաղորդակցության ծագած խնդիրների բնույթը, «Արմավիա» ավիաընկերության կողմից որոշում է ընդունվել՝ Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Ցյուրիխ-Երևան և Երևան-Ամստերդամ-Երևան ուղղություններով կատարվող չվերթերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ սկսած ապրիլի 16-ից 19-ը: Պատճառը եվրոպական տարածքի ավիահաղորդակցության խախտման հետևանքով Եվրոպայի մեծ թվով օդանավակայանների փակումն է: Ինչպես տեղեկացրեց Ավետիսովան, «Արմավիա» ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է նախապես պատվիրված տոմսերի տեղափոխում ավիաընկերության առաջիկա վերոնշյալ ուղղություններով, տոմսերի վերապատվիրում «Արմավիա»-ի կողմից իրականացվող մոտակա այլ ուղիղ չվերթերի համար, ուղևորների ցանկությամբ, ինչպես նաև տոմսերի ստիպված վերադարձի ձևակերպում: «Նկատի առնելով օդային հաղորդակցության վերականգնումը և Օդեսայի օդանավակայանի բացումը՝ շտապում ենք տեղեկացնել, որ ապրիլի 24-ին Երևան-Օդեսա-Երևան ուղղությամբ չվերթը կիրականացվի: Երևան-Խարկով-Երևան, ինչպես նաև Երևան-Կիև-Երևան ուղղությամբ չվերթերը կիրականացվեն ըստ ժամանկացույցի»,- ասաց Ավետիոսվան: Ուղևորներն իրազեկված են նաև Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Ցյուրիխ-Երևան և Երևան-Ամստերդամ-Երևան ուղղություններով իրենց տոմսերը ապրիլի 20-ին և 21-ին Երևան-Հռոմ-Երևան չվերթի վերաձևակերպման հնարավորության մասին՝ նկատի առնելով, որ Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանը գործում է բավարար ռեժիմով: «Արմավիա» ավիաընկերության մյուս կանոնավոր չվերթերը կատարվում են ժամանակացույցի համաձայն: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 200 կիլոմետր դեպի արևելք գտնվող Էյաֆյալայոքուլ (Eyjafjallajokull) հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, որի մասնիկները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար և կարող են խնդիրներ առաջացնել՝ նստելով ինքնաթիռների թևերին: Դա հանգեցրեց Հյուսիսային Եվրոպայի զգալի տարածքի օդային տարածության փակմանը: -0-