Հայոց ցեղասպանությունը դատապարտելը կկանխի գալիք կրկնությունները. Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով

19.04.2010, 17:01
Հայոց ցեղասպանությունը դատապարտելը կկանխի գալիք կրկնությունները. Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով

Հայոց ցեղասպանությունը դատապարտելը կկանխի գալիք կրկնությունները, ասվում է Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողովի հայտարարության մեջ, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

«Անցել է արդեն 95 տարի: Հայոց ցեղասպանության հարցը դարձել է միջազգային հարաբերությունների հանդեպ մոտեցման ազնվության ու բարոյականության չափանիշ: Այդ հարցը չափազանց արդիական է և ամենաուղիղ կապն ունի ոչ միայն այդ հանցագործության զոհերի ճակատագրի, այլև ողջ մարդկության, ողջ մարդկային քաղաքակրթության ճակատագրի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ժամանակակից պայմաններում Հայոց ցեղասպանության դատապարտման արդիականացումը բացատրվում է մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության էսկալացիայով: «Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի կանխել նման սարսափներն ապագայում»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ռասայական, կրոնական ու էթնիկ խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխումը մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների, այդ թվում և ցեղասպանության կանխման գլխավոր միջոցն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը միջազգային հանրության համապատասխան գնահատականի բացակայությունը հանգեցրել է նման ծանր հանցագործությունների հետագա կրկնության»,- ասվում է հայտարարության մեջ:

«Երկիրը բոլորիս տունն է, և յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր մշակույթ ընդհանուր հարստություն է, դրա գիտակցումը պետք է ստիպի մարդկությանն այսուհետ թույլ չտալ նման անմարդկային գործողություններ: Բայց, չդատապարտելով գործած ցեղասպանությունն, անհնար է կասեցնել գալիք ցեղասպանությունները: Շատ կարևոր է, որպեսզի Օսմանյան Կայսրության իրականացրած ցեղասպանությունը ճանաչվի հենց Թուրքիայի կողմից: Չի կարող իրեն քաղաքակիրթ համարող երկիրը թաքցնել իր պատմության թեկուզ խայտառակ էջերը»,- նշեցին Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի ներկայացուցիչները:

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի նման վարքը բավական բարդացնում է հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունները, չի նպաստում երկրների միջև լարվածության մեղմմանը, խոչընդոտում է վստահության և որակապես նոր հարաբերությունների մթնոլորտի հաստատմանը:

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք մարդկության դեմ հանցագործությունների անընդունելի լինելու մասին և համաձայնություն ենք արտահայտում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության հետևանքների վերացման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարությունում: -0-