ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շատ քիչ հավանական է, ուրբաթ լրագրողներին ասաց «Նորավանք» հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։
«Կարծում եմ, որ Ղարաբաղում պատերազմի հնարավորությունն առայժմ բավականին քիչ է և դրա երաշխիքը մեր ռազմական ուժերն են»,- ասաց նա։ Հարությունյանը վերջին ժամանակներս դիտվող տվյալ հարցի արդիականացումը բացատրել է ադրբեջանի կողմից վերջին շրջանում շատացող ռազմատենչ հայտարարություններով։
Փորձագետի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը ողջ աշխարհի ընդհանրության շահերից չի բխում։
«Էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ կապված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի շահերը ակնհայտ են դարձնում այն, որ ցանկացած ռազմական գործողություն առաջին հերթին կխախտի այդ Էներգետիկական, հիմնարար համակարգը, ինչը նրանց շահերից չի բխում, և նրանք կանեն հնարավորինը, որպեսզի թույլ չտան նման սցենար»,- ասաց նա։
Միաժամանակ փորձագետը նշեց, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-