Թուրքիան չի կարող ճնշումների լեզվով խոսել Հայաստանի հետ, հինգշաբթի ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:
«Վաշինգտոնյան հանդիպումները հերթական անգամ հաստատեցին, որ Թուրքիան չի կարող ճմշումների և հարկադրանքի լեզվով խոսել Հայաստանի հետ, և անթույլատրելի է շաղկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Երևանը հերթական անգամ հաստատեց, որ չի քննարկի Ցեղասպանության փաստը: «Անհնար է Հայաստանի ստիպել հրաժարվել Հայող ցեղասպանության միջազգային ճանաչումից: Թուրքիայի մտադրությունը՝ հայերին երկու ճամբարի բաժանել, հաջողությամբ չի պսակվել:
Իր հերթին Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ողջ հայության միասնականությունն ու համախմբվածությունը ХХI դարի մարտահրավերները հաղթահարելու միակ երաշխիքն է, ընդգծեց, որ «գեղեցիկ խոսքերին պետք է հետևեն համապատասխան գործողությունները»:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին Վաշինգտոնում մասնակցեց Գլոբալ միջուկային անվտանգության հարցերի գագաթնաժողովին: Վաշինգտոնում նա հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:--0--