Հայ-թուրքական սահմանը կբացվի՝ անկախ արձանագրությունների վավերացման ժամկետներից. ՀՀԿ

15.04.2010, 14:37
Հայ-թուրքական սահմանը կբացվի՝ անկախ արձանագրությունների վավերացման ժամկետներից. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանը կբացվի՝ անկախ երկու երկրի խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացման ժամկետներից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները շատ ավելի լուրջ են, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման հարցը: Այսպես, թե այնպես, ենթադրում եմ, որ սահմանի բացումն իրականություն կդառնա», - ասաց խմբակցության ղեկավարը:

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ կառավարության ղեկավար Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունները ներկայում չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով։

Սահակյանի խոսքերով, առաջիկայում կհրապարակվեն «միջազգային հանրության կողմից գործընթացի նոր գնահատականները»:

«Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը՝ ապա, խոսելով ֆուտբոլային լեզվով, գնդակն այժմ կախված է թուրքական դարպասների վերևում: Եթե դարպասապահը բռնի գնդակը, ապա արձանագրությունները կվավերացվեն, իսկ եթե գնդակը մտնի դարպասների մեջ, ապա Թուրքիան պարտություն կկրի, այսինքն՝ Հայաստանը հետ կկանչի իր ստորագրություններն արձանագրությունների տակից», - ընդգծեց նա:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-