ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հարցազրույց չի տվել ԱՊԱ ադրբեջանական գործակալությանը, որում իբր-թե նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում առաջընթացից, լրագրողներին է տեղեկացրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը նշել է, որ Պետքարտուղար Քլինթոնի կողմից միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպած ճաշի ժամանակ շոշափվել է ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցի թեման:
«Ես Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց եմ ունեցել: Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել, հերքեց դա», - մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նա ավելացրել է, որ բացի Դավութօղլուի անձամբ ներկայացրած հերքումից, Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել:
«Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ», - ընդգծել է Նալբանդյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-