Armrobotics մրցույթի շրջանակներում ռոբոտ-սակրավորների բաց առաջնության եզրափակիչը կանցկացվի մայիսի 8-ին և 9-ին Շուշի քաղաքում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) Կարեն Վարդանյանը։
Ըստ նրա, մրցույթին մասնակցելու համար արդեն գրանցվել է 20 թիմ, որոնցից 10-15-ում գործնականորեն պատրաստ են ռոբոտ-սակրավորները։
«Տվյալ մրցույթի անցկացումը կարող է հետաքրքիր զարգացում ունենալ ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ Հայաստանում ոլորտի և ռոբոտատեխնիկայի զարգացման տեսակետից»,- ասաց Վարդանյանը։
«Ռոբոտ-սակրավոր» մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն այնպիսի ռոբոտներ, որոնք ականապատ դաշտում հողի տակ ականներ կգտնեն և սերվեր կուղարկեն ականապատ դաշտերի քարտեզ։ Ականները պետք է զինված լինեն ձայնային ազդանշաններով, որոնց օգնությամբ պարզ կդառնա, պայթել է, արդյո՞ք, թե ոչ։ Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ (10 կգ) և չափեր՝ (30x30 սմ)։
Հաղթող կդառնա այն թիմը, որը կլուծի դրված խնդիրը ամենակարճ ժամանակում նվազագույն սխալներով։
Առաջնությունն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման գլխավոր հովանավորն է իրանական Hoornet ընկերությունը:
ArmRobotics առաջնությունն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2008թ.-ին: Մրցույթին մասնակցել է 11 թիմ Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, յուրաքանչյուր խմբում կար չորս ուսանող և մեկ ուսուցիչ:-0-