ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումը կարելի է ետ քայլ անվանել, այդ կարծիքին է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«Եթե մենք հասել ենք նրան, որ անցել է Թուրքիային ձեռնտու տարբերակը, իսկ Հայաստանին բավարարող տարբերակը, հատկապես սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, ձեռքբերված կամ հետաձգված չէ, կարելի է ասել, որ կարճ ժամանակահատվածում հստակ ետ քայլ է կատարվել»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շաքարյանը։
Միաժամանակ Շաքարյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի երկարաժամկետ դիրքորոշումներն ավելի ձեռնտու կլինեն։
«Մոտակա ժամանակներում արձանագրությունները չեն վավերացվի, և մենք միշտ հնարավորություն կունենանք Թուրքիային մեղադրելու անհետևողականության մեջ»,- պարզաբանեց նա։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Ըստ թուրքագետի, 75 րոպեանոց հանդիպումից հետո հստակ արդյունքների բացակայությունը, հանդիպման ընթացքում ընդհանուր սառը մթնոլորտը, ինչպես նաև դրա ավարտից հետո առաջնորդների հայտարարությունները վկայում են, որ սխալ կլիներ հանդիպումն անվանել մեկ քայլ առաջ։
Սարգսյան-Էրդողան հանդիպումը կայացել է ապրիլի 12-ին Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող շարունակել երկխոսությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ նախապայմանների լեզվով:
Երեքշաբթի թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ կառավարության ղեկավար Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունները ներկայում չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-