ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի կողմից մինչև ապրիլի 24-ը, կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Ես չեմ կարծում, որ այդ արձանագրությունները կվավերացվեն մինչև 2010 թ.-ի ապրիլի 24-ը: Եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որոնց նախադրյալներն այժմ մեր տարածաշրջանում չեն նկատվում», - երեքշաբթի լրագրողներին ասաց Մելիքյանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ նա ասաց, որ այդ գործընթացն իր էությամբ բավականին առեղծվածային է և անտրամաբանական:
«Ես կարծում եմ, որ այդ գործընթացը սկսելուց առաջ պետք էր համոզվել, որ դա կհանգեցնի դրական արդյունքների: Սակայն կողմերի դիրքորոշումներն աստիճանաբար կոշտացան, և Հայաստանում սկսեցին ավելի հաճախ խոսել այն մասին, որ հանրապետությունը պետք է դուրս գա այդ գործընթացից», - ասաց նա:
Մելիքյանը կարծում է, որ եթե սցենարը նման կերպ զարգանա, ապա Հայաստանը, Թուրքիայի համեմատ, կհայտվնի ավելի անբարենպաստ պայմաններում, քան մինչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:
Այդ պարագայում, նրա խոսքերով, կարելի է փաստել, որ հենց սկզբից հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը սկսվել է դրա ձախողման նպատակով՝ հեռանկարում բավականին երկար ժամանակ կարգավորում չակնկալելու համար:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, սակայն վավերացումը լուրջ դիմագրավման է բախվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Երկու կողմերը միմյանց մեղադրում են վավերացման գործընթացը ձգձգելու մեջ:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-