Հայաստանը սգում է Լեհաստանի նախագահի և լեհական պատվիրակության անդամների մահը

12.04.2010, 19:45
Հայաստանը սգում է Լեհաստանի նախագահի և լեհական պատվիրակության անդամների մահը
Հայաստանը սգում է Լեհաստանի նախագահի և լեհական պատվիրակության անդամների մահը

Հայ ժողովուրդն իր ցավակցությունն է հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և լեհական պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան դիմաց ծաղիկներ և  ծաղկեպսակներ են դրված, մոմեր են վառվում: Ցավակից լռությամբ մարդիկ ծաղիկներ են դնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ Մարիայի նկարի մոտ:

Ապրիլի 10-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակը հարգելու և լեհ ժողովրդի հետ ցավը կիսել ցանկացողների համար դեսպանատան դռները մի քանի օր բաց կմնան:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն են այցելել  հայ քաղաքական գործիչներից շատերը, այլ երկրների և կազմակերպությունների դիվանագիտական առաքելությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Հնդկաստանի, Սիրիայի, Անգլիայի, Գերմանիայի, ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարները: 

Սգո մատյանում իրենց գրությունները թողեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն»  կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՀ Ազգային կոնգրեսի անդամները:

Ցավակցական նամակն ու ծաղկեպսակները Լեհաստանի դեսպանատուն ուղարկեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը, հաղորդեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Գրությունների համար սգո մատյանը Լեհաստանի դեսպանատանը բաց կլինի ապրիլի 12-14-ը: Զոհերի հիշատակին նվիրված արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին ժամը 17:00-ին Երևանի Գրիգոր Նարեկացի եկեղեցում:

Լեհաստանի կառավարական Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սմոլենսկում շաբաթ օրը առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Լեհաստանի ղեկավարը լեհական պաշտոնական պատվիրակության հետ մեկնում էր Կատին հուշ-միջոցառումներին մասնակցելու: Ինքնաթիռում գտնվող բոլորը՝ 96 մարդ (88 ուղևոր և անձնակազմի անդամներ) զոհվել են: -0-