Լիբանանի խորհրդարանի նախագահը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

12.04.2010, 12:28
Լիբանանի խորհրդարանի նախագահը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Լիբանանի խորհրդարանի նախագահը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Բըրրին հույս է հայտնել, որ հայ-թուրքական փոխհարաբերությունները շուտով կկարգավորվեն:

Աբրահամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել, որ 2000թ. մայիսին Լիբանանի խորհրդարանը Նաբիհ Բըրրիի գլխավորությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը՝ նշելով, որ նման քայլերը կարևոր են հետագայում այդպիսի հանցագործությունները կանխելու համար:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը ներկայումս ձգձգվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, փորձ է արվում կապել ԼՂ հարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:--0—