ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ ե՞րբ է Ռոբերտ Քոչարյանը հեռացել մեծ քաղաքականությունից: Ես կարծում եմ, որ նա միշտ մնացել է քաղաքականության մեջ, և ինձ տարօրինակ է թվում որոշ քաղաքական շրջանակների ջղաձիգ արձագանքը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սարգսյանը՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Վերջին շրջանում հայական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում Ռոբերտ Քոչարյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:
Այդ լուրերի համար հերթական խթան հանդիսացավ 2010թ.-ի հունվարի 21-ին Քոչարյանի այցը Իրան, որտեղ նախկին նախագահը հանդիպել էր նախագահ Մահմուդ Ահմադինեջադին ու արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին: Դրանից առաջ Քոչարյանն այցելել էր Փարիզ:
«Մեզ սովորեցնում են մարդիկ, ովքեր երբեք ոչ մեկի չեն կառավարվել ու անգամ գիրք չեն կարդացել: Ես նորմալ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքն է հայտնում և այցելում տարբեր երկրեր»,- նշեց երկրի ղեկավարը:
Սարգսյանը ԶԼՄ-ներին խորհուրդ տվեց կասկածելի ոչինչ չփնտրել ստեղծված իրավիճակում:-0-