ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը Անկարային հնարավորություն կտա ցույց տալ իր շահագրգռվածությունը հայ-թուրքական գործընթացի շարունակության նկատմամբ, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ըստ էության, Թուրքիայի վարչապետի վարած քաղաքականությունն ու հանդիպման մասին նրա խնդրանքը դրական մոտեցումներ են, սակայն այն չի կարող դիտարկվել որպես լուրջ քաղաքական կամ դիվանագիտական գործոն: Դա Թուրքիային հնարավորություն է տալիս ցույց տալ իր շահագրգռվածությունը հայ-թուրքական գործընթացի շարունակության նկատմամբ, ինչպես նաև ցույց տալ, որ արձանագրությունների վավերացման գործընթացը դեռ շարունակվում է», - ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Սահակյանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի առաջարկությունը՝ Վաշինգտոն այցի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, նախօրեին Հայաստանի նախագահին փոխանցեց թուրքական կառավարության ղեկավարի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուտդին Սինիլիօղլուն։
Խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ Սարգսյան-Էրդողան հանդիպումը բավականին հետաքրքիր է, և ՀՀԿ-ն հետևելու է դրա ընթացքին: Միաժամանակ պատգամավորը ընդգծեց, որ Սարգսյանի այցը ԱՄՆ ավելի կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, քանի որ նախատեսված է ՀՀ նախագահի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-