ԱՄՆ-ն ամեն կերպ կնպաստի հայ-թուրքական գործընթացի պահպանմանը. փորձագետ

09.04.2010, 13:03
ԱՄՆ-ն ամեն կերպ կնպաստի հայ-թուրքական գործընթացի պահպանմանը. փորձագետ
ԱՄՆ-ն ամեն կերպ կնպաստի հայ-թուրքական գործընթացի պահպանմանը. փորձագետ

ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պահպանման համար, այդ պատճառով Վաշինգտոնը երկու կողմերի, հատկապես Թուրքիայի վրա ճնշում կգործադրի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Միաժամանակ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշման այնքան էլ շատ լծակներ չունի: Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Թուրքիային կխնդրի Հայաստանի հետ սահմանի մասամբ բացման նման մի բան անել», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանն ընդգծեց, որ Միացյալ նահանգները ձեռնպահ են մնում Հայաստանի վրա ուժեղ ճնշում գործադրելուց, որպեսզի Երևանը ստորագրությունները արձանագրությունների տակից հետ կանչելու որոշում չընդունի:

«Վաշինգտոնի առաջին ուղերձը Հայաստանին վաշինգտոնյան գագաթնաժողովին Իլհամ Ալիևի բացակայությունն է», - ասաց փորձագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Վաշինգտոնում կմասնակցեն Գլոբալ միջուկային անվտանգության հարցերի գագաթնաժողովին:

Կովկասի ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ դրանով ԱՄՆ-ն ձգտում է ցույց տալ Հայաստանին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական կարգավորման գործընթացը առանձին գործընթացներ են:

«Արձանագրությունների վավերացումը կամ չվավերացումը կախված կլինի Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշման արդյունքներից», - ավելացրեց Իսկանդարյանը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-